ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի՞ՆՉ ԵՍ ՏԱԼԻՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՔՈ ԱՐՎԵՍՏՈՎ` ԹևԵ՞Ր, ԹԵ՞ ՍՄԲԱԿՆԵՐ

Ի՞ՆՉ ԵՍ ՏԱԼԻՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՔՈ ԱՐՎԵՍՏՈՎ` ԹևԵ՞Ր, ԹԵ՞ ՍՄԲԱԿՆԵՐ
17.01.2012 | 00:00

Երեկ, լրագրողների հետ հանդիպմանը, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆՆ անդրադարձավ Հայոց բանակի 20-ամյակին նվիրված «Ես եմ» գեղարվեստական ֆիլմին և «Ես եմ հայրենիքի զինվորը» միջոցառումների շարքին:
«Արվեստը կոչված չէ քննադատելու և ձաղկելու իրականությունը, դա հրապարակախոսության, լրատվության գործն է,- ասաց նա:- Բացի իրական, դաժան, ծանր փաստերից, գոյություն ունեն բացարձակ արժեքներ` հայրենիք, զինվոր, որոնք միշտ պետք է գովերգվեն, փայփայվեն»: Նրա խոսքով` այն նեգատիվիզմը, որ ծնվում է հասարակության մեջ, երբ ծնողը չի ուզում իր զավակին զինվոր տեսնել, երբ զինվորն արդեն չի ուզում ծառայել իր հայրենիքին, համազգային, գլոբալ ռազմավարական պրոբլեմ է, որի նկատմամբ անհրաժեշտ է պետական մոտեցում:
«Սերիալները, «վեցուկեսները», «քառասունքները», որ մենք ունենք որպես ազատական շուկայի արդյունք և տալիս ենք մեր սերնդին, հակակրթություն է,- նկատեց Արմեն Մազմանյանը։- Պետք է լինեն սերնդին ուղղված «մեսիջներ», կինոլեզվով պետք է հաստատել գեղեցիկի, սիրո հաղթանակը»:
Անդրադառնալով մեր հարցին` ֆիլմը կծառայի՞ նպատակին, թե՞ նեգատիվ վերաբերմունքն ավելի կխտանա` առիթ տալով նոր քննադատությունների, Արմեն Մազմանյանը նշեց, որ հանրության արձագանքը դրական է, մարդիկ կարոտել են պրիմիտիվ, սենտիմենտալ, զգայական հեքիաթի:
«Ես պարտավոր եմ հաշվել` ինչ շոուի, ինչ ֆիլմի կարիք ունի այս ազգը, ինչ զգայական, մտային դաշտ կա բաց, և որպես մշակութային մենեջեր` փորձում եմ այդ բացը լրացնել,- ասաց նա:- Հնդիկներն առայսօր ներկայանում են իրենց «հեքիաթներով», որովհետև հասկանում են, թե ինչ են տալիս հասարակությանն իրենց արվեստով` թևե՞ր, թե՞ սմբակներ»:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո, «Գոյակ» մշակութային կենտրոնի և «32» փրոդաքշնի» համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված «Ես եմ» նոր գեղարվեստական ֆիլմը հունվարի 7-ից մեծ էկրանին է:
Ֆիլմը բանակ զորակոչվող մի տղայի մասին է, իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում: Նկարահանումները կատարվել են մեկ ամսում` Հայաստանի հյուսիսարևելյան զորամասերից մեկում:
Ֆիլմի ռեժիսորը Վահագն Գրիգորյանն է, առանցքային կերպարը մարմնավորում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Ֆիլմում նկարահանվել են Լևս Դավթյանը, Եվա Ղազարյանը, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Գրիգորյանը, Գնել ՈՒլիխանյանը և այլք:
Կարեն Բաբաջանյանի հեղինակած երաժշտության հիման վրա նկարահանվել է ֆիլմի տեսահոլովակը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1678

Մեկնաբանություններ